38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Արևմտյան քաղնախագծողները հույս ունեն, որ, ճնշում գործադրելով Հարավային Օսիայի ու Աբխազիայի հարցում, Արևմուտքին կհաջողվի զիջումներ կորզել Մոսկվայից

Արևմտյան քաղնախագծողները հույս ունեն, որ, ճնշում  գործադրելով Հարավային Օսիայի ու Աբխազիայի հարցում, Արևմուտքին կհաջողվի զիջումներ կորզել Մոսկվայից
06.10.2013 | 11:28

Հարավային Օսիան մյուս չճանաչված պետությունների համեմատ շատ ավելի թույլ տնտեսական և սոցիալ-մշակութային կարողություն ունի, ինչը բացատրվում է օս ազգի զարգացման առանձնահատկություններով։
Եթե Աբխազիայում անկախության միջազգային ճանաչման արդյունքում զգալի փոփոխություններ տեղի ունեցան սոցիալ-քաղաքական կյանքում, առաջացան նոր հավակնություններ, հույսեր ու ձգտումներ, ապա Հարավային Օսիան, որը ռուս-վրացական պատերազմի ժամանակ ծանր փորձություն ապրեց, դեռևս չի կարողանում դուրս գալ ֆրուստրացիայի վիճակից ¥առանձնահատուկ հոգեվիճակ, որն առաջանում է, երբ մարդը, հանդիպելով ինչ-ինչ խոչընդոտների, չի կարողանում հասնել իր նպատակին և որևէ ցանկության կամ պահանջմունքի բավարարում դառնում է անհնար։ Հուսահատության նման մի բան- խմբ. ըստ Վիքիպեդիայի¤ և սոցիալական հեռանկարներ չի տեսնում։ Օս մտավորականության մի շարք ներկայացուցիչներ, տեղի ունեցած իրադարձություններից ցնցված, դեռևս չեն պատկերացնում Հարավային Օսիայի զարգացման հնարավոր ուղիները, սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման մոդելը, որը համապատասխաներ այն բանին, ինչ «մնացել է» այդ երկրամասում` սակավաթիվ բնակչությամբ, բարենպաստ ակնկալիքների բացակայությամբ և այն տարակույսներով, թե որքանով է Ռուսաստանը հասկանում սոցիալական վերականգնման խնդիրներն ու նպատակները։ Խոր վերլուծություն պետք չէ հասկանալու այդ ժողովրդի ողբերգությունն ու խնդիրները։
Քաղաքական այնպիսի տարրեր, ինչպիսիք կուսակցական և հասարակական կազմակերպություններն են, Հարավային Օսիայում հիմնականում ձևական բնույթ են կրում կամ առհասարակ չկան։ Թեև այստեղ ոչ կառավարական կազմակերպությունները բավական զարգացած են և էական փորձ ունեն, սակայն քաղաքական կյանքի վրա դրանց ազդեցությունը խիստ սահմանափակ է։ Երևի հարավօսական հանրությունը հնարավորություններ չունի ստեղծելու ինքնուրույն և կայուն քաղաքական կազմակերպություններ ու խմբեր։ ՈՒստի, վերջին ժամանակներս նկատվող միտումը` կապված Հարավային Օսիայում ռուսական քաղաքական կուսակցությունների բաժանմունքների ստեղծման հետ, դրական նշանակություն ունի և կնպաստի հանրապետության ներսում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակի արմատական փոփոխմանը։ Դրա հետ մեկտեղ, չնայած քաղաքացիական հասարակության զարգացած կառուցվածքի բացակայությանը, անհնար է պնդել, որ Հարավային Օսիայում ձևավորվել է մի ինչ-որ քրեական կամ հակահասարակական վարչակազմ, որը հակաօրինական գործողություններ է ձեռնարկում քաղաքացիների հանդեպ։ Հարավային Օսիայում քաղաքական ղեկավարությունը ներկայացնում են որոշակի ընտանիքների ու տոհմերի շահերն արտացոլող որոշակի խմբեր, կադրային քաղաքականությունը մեծ մասամբ հիմնված է անձնական կամ խմբային նախապատվությունների վրա, պատշաճ քաղաքականություն չկա սոցիալական ոլորտում, կան փաստեր, երբ իշխանություններն անտեսում են կամ խոչընդոտներ են հարուցում տեղական բիզնեսի ճանապարհին, այդ թվում` գյուղատնտեսության ոլորտում, բացի կոռուպցիայի տարբեր դրսևորումներից, տարածված է նաև մանր կաշառակերությունը, երբ պաշտոնատար անձինք աննշան գումարներ են վերցնում տարբեր ծառայությունների համար։ Դա վկայում է բնակչության սոցիալական և իրավամշակութային շատ ցածր մակարդակի մասին։ Դրա հետ մեկտեղ, ճիշտ չէր լինի վարչակազմը որակել որպես բռնատիրական կամ ծայրաստիճան ավտորիտար։ Հարավային Օսիայում, ինչպես և Հյուսիսային Կովկասի մյուս հանրապետություններում ու հասարակություններում, շատ ուժեղ են տեղական ավանդույթները, ազգային արժանապատվությունը, հպարտությունը։
Հարավային Օսիայի հասարակայնությունը երկար ժամանակ իշխանությունների նկատմամբ բողոքի տրամադրություններ չի ունեցել` գերակա ազգային խնդիրը համարելով ինքնիշխանության հաստատումը։ Սակայն Ռուսաստանի կողմից սոցիալական օգնության ծավալի էական մեծացումից հետո, երբ տնտեսական նոր հեռանկարներ բացվեցին, պայմաններ առաջացան, որ բնակչության մի մասն ավելի քիչ կախման մեջ լինի իշխանություններից, սոցիալական և ներքաղաքական ակտիվությունը ավելի նկատելի դառնա։ Վերջին տարվա ընթացքում, Ռուսաստանի նպատակասլաց քաղաքականության շնորհիվ, սոցիալական ստանդարտները Հարավային Օսիայում մոտեցել են Ռուսաստանի առանձին տարածաշրջանների մակարդակին։ Առճակատման երկար տարիների ընթացքում առաջին անգամ նկատվում է, որ մարդիկ վերադառնում են պատմական հայրենիք, տնտեսական շահեր են ծնունդ առել, ակտիվացել է փոքր բիզնեսը։ Բայց սոցիալական ոլորտի զգալի առաջադիմությանը զուգընթաց սաստկացել են հակասությունները տարբեր խմբավորումների միջև, նոր պահանջներ են ներկայացվում քաղաքական ղեկավարությանը, քանի որ զգալիորեն ավելացել են Ռուսաստանի հատկացրած դոտացիաները, որոնք ընկալվում են որպես հարստանալու միջոց։
Նոր իրավիճակ է ձևավորվում երիտասարդության շրջանում, որտեղ մեծանում է պատասխանատվության զգացումը ոչ միայն անկախության համար, այլև ներքին խնդիրների։ Ստեղծվում են երիտասարդական նոր խմբավորումներ, որոնք ոչ մի պաշտոնական ճանաչում չունեն, սակայն ավելի ու ավելի մեծ ազդեցություն են ձեռք բերում։ Այդ խմբավորումներն առաջնորդում են ոչ թե քրեական տարրերը, այլ միանգամայն կրթված, պատրաստված երիտասարդներ, ովքեր կրթություն են ստացել Ռուսաստանում, ստեղծել են իրենց բիզնեսը, սակայն չեն կարողանում հաշտվել Հարավային Օսիայում գոյություն ունեցող սոցիալական իրավիճակի հետ։ Այդ երիտասարդներն ինչ-որ չափով դիմակայում են ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք ֆինանսավորվում են Եվրոպայի տարբեր հիմնադրամների կողմից և ստիպված են կատարել Արևմտյան ընկերակցության որոշակի առաջադրանքներ։ Սակայն այդ երկու կարգի կազմակերպությունների միջև երկխոսություն է տեղի ունենում ներքաղաքական կյանքի առավել կարևոր հարցերի շուրջ։ Նրանք համակարծիք են, որ ներկա իրավիճակում պետք չէ սրել հարաբերություններն ու սոցիալ-քաղաքական պահանջներ առաջադրել։ Սակայն մոտ ապագայում նման պահանջներ արդեն կառաջադրվեն։ Ընդ որում` որոշակի մարտավարության շրջանակներում։ Նախ, սոցիալական և կադրային քաղաքականության։ Հատկապես կադրային, որովհետև դա առանցքային է համարվում Հարավային Օսիայում, և այդ հարցի լուծումից է կախված շատ այլ խնդիրների լուծումը։ Պետք է ասել, որ Արևմտյան ընկերակցության կողմից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներն էլ սուր դիրքորոշում չունեն Ռուսաստանի նկատմամբ։ Նրանք բոլորն էլ հայրենասերներ են և օսական ազգային մտավորականության ներկայացուցիչներ։
Ներկայումս ռուսական իշխանությունների առջև նոր հասարակական-քաղաքական իրադրության կառուցման խնդիր է կանգնած, ինչը պետք է իրականացվի Հարավային Օսիայի սոցիալ-քաղաքական ինտեգրման միջոցով։ Հնարավոր է, որ նախընտրվի Հարավային Օսիայում ռուսաստանյան կուսակցությունների բաժանմունքների ստեղծումը, ոչ թե տեղական քաղաքական կազմակերպությունների։ Միաժամանակ, ռուսաստանյան կուսակցությունների այդ բաժանմունքները պետք է զգալի ինքնուրույնություն ունենան։ Նպատակահարմար կլիներ նաև, բացի այդ բաժանմունքներից, Հարավային Օսիայում ստեղծել ռուսական հասարակական կազմակերպությունների մասնաճյուղեր, ինչպես նաև հանրապետությունը ներգրավել Ռուսաստանի հասարակական-քաղաքական գործերի մեջ, մասնակից դարձնել մարզական, մշակութային միջոցառումներին։ Դրան զուգընթաց, պետք է ուշադրություն նվիրել հանրապետության բնակչության գոյատևման համար անհրաժեշտ նյութական բազայի զարգացմանը։ Իսկ տնտեսության զարգացման գերակա խնդիրը գյուղատնտեսության զարգացումն է, այդ թվում` այն ճյուղերի, որոնք կարող էին հիմք հանդիսանալ արտահանական արտադրության համար։
2008-ի վերջերին Վրաստանը հայտնվել էր արտքաղաքական բավական բարդ դրության մեջ։ Վրաստանի և Ռուսաստանի առճակատման սաստկացումը ԱՄՆ-Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև եղած լարվածության պատճառաբանման համար, օգտագործելու զուր փորձերից հետո պարզվեց, որ «կովկասյան նախագծի» այդ լծակն օգտագործելու ամերիկա-բրիտանական նախաձեռնությունը շատ ավելի մեծ վտանգներ է պարունակում։ Վտանգների այդ մակարդակը միանգամայն անընդունելի էր ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի համար, ինչը սպառնալիքի տակ էր դնում Կովկաս-կասպյան էներգետիկ համալիրը։ Այդ կապակցությամբ, վրացական ղեկավարության գործողություններն անընդունելի էին ոչ միայն ամերիկացիների ու բրիտանացիների, այլև ամբողջ Արևմտյան ընկերակցության համար, առավել ևս, որ Վրաստանի գործողությունները չէին տեղավորվում անգամ վերահսկելի առճակատման ծրագրերի շրջանակներում։
Ներկայումս Վրաստանի առնչությամբ ԱՄՆ-ի ու Եվրոպական ընկերակցության հայացքներն ու մտադրությունները զգալիորեն ճշգրտվել են։ Ընդ որում, այդ իրադարձություններին համապատասխան գնահատական տվել են նաև խորհրդարանականները, ինչը չկար երկար ժամանակ։ Հարկ է նշել, որ ԱՄՆ-ի ու Եվրամիության բարձրաստիճան ղեկավարության միջև տեղի են ունեցել բավական անկեղծ զրույցներ, որոնց ընթացքում եվրոպացիները փորձում էին ԱՄՆ-ին մեղադրել Հարավային Կովկասում այդքան վտանգավոր իրավիճակ թույլ տալու մեջ, նկատի ունենալով նաև սպառազինությունների մրցավազքը։ Վրաստանի նկատմամբ ԱՄՆ-ի «նոր» քաղաքականության էությունը տարածաշրջանային հարաբերությունների շրջանակներում Վրաստանի «մեկուսացման» ձգտումն է, որի նպատակն է նրան դուրս բերել առճակատման պայմաններից։ ԱՄՆ-ի համար իդեալական կլիներ, եթե վրացական ղեկավարությունը առհասարակ հրաժարվեր Աբխազիայի ու Հարավային Օսիայի նկատմամբ վերահսկողությունը վերադարձնելուն միտված որևէ քաղաքականություն վարելու փորձերից և կարգավորեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ¥արևմտյան երկու հիմնական դերակատարները¤ մասամբ կձգտեն շահագրգռել քաղաքական և տնտեսական այլ հեռանկարներով, որպեսզի Վրաստանի քաղաքական վերնախավի ու հանրության ուշադրությունը շեղեն այդ երկու խնդրից։ Առճակատման այդ գոտիներում լարվածության պահպանումը հանգեցնում է էներգետիկ հաղորդուղիներին սպառնացող վտանգների մեծացմանը, ինչը կասկածի տակ է դնում անգլո-սաքսոնական բլոկի գլխավոր նպատակը` նավթի հաջող արդյունահանումն ու փոխադրումը, որից այն կողմ Հարավային Կովկասում մեկ այլ էական աշխարհաքաղաքական խնդիր չկա։ Ելնելով այդ գերակայություններից, ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի համար առավել ընդունելի հեռանկարը այդ երկու կոնֆլիկտային գոտիների նկատմամբ Ռուսաստանի վերահսկողության պահպանումն է, քանի որ թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Եվրամիությունը խոստովանել են, որ տվյալ պարագայում ռուս խաղաղարարներն այլընտրանք չունեն։ Ամերիկյան և բրիտանական ռազմաքաղաքական փորձագետների գնահատմամբ, ռուս խաղաղարարների դուրս գալու դեպքում Արևմտյան ընկերակցությունը պատկերացում չի ունենա, թե ինչ կերպ երաշխավորի կոտորածների ու տեղահանումների բացառումն այդ գոտիներում։ Ամերիկացիները հասկանում են, որ Ռուսաստանը օբյեկտիվորեն միջտարածաշրջանային հաղորդուղիների անվտանգության լավագույն երաշխավորն է և, հնարավոր է, կնախընտրեն Ռուսաստանին դրդել Աբխազիայի ու Հարավային Օսիայի փաստական ինտեգրմանը։ Հենց փաստացի ինտեգրումը, ոչ թե պաշտոնական ճանաչումը կամ Ռուսաստանի Դաշնությանը պաշտոնական միացումն է առավել ընդունելի տարբերակը ԱՄՆ-ի շահերի տեսանկյունից։
Այդ շատ էական վերաբերմունքը Արևմտյան ընկերակցությունում ծնունդ է առել վաղուց, բայց պետք եղան որոշակի իրադարձություններ ու ժամանակ, որպեսզի այդ իրողությունն ընկալեին ոչ միայն փորձագետները, այլև քաղգործիչները։ Հարկ է նաև նշել, որ, տարբեր գնահատականներով, ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի կառավարությունների ապրած քաղաքական ճգնաժամերը, իշխանական թիմերի առաջիկա ակնհայտ շրջափոխությունը, այդ տերությունների արտաքին քաղաքականությունն ավելի զուսպ են դարձնում։ Զգալով այդ միտումները, Վրաստանի քաղաքական ղեկավարությունը ձգտում է արագորեն կարգավորել իր քաղաքականությունը ոչ միայն Արևմուտքի, այլև Ռուսաստանի առնչությամբ, նպատակ ունենալով պահպանելու վարչակազմն ու չհայտնվելու միջազգային մեկուսացման մեջ։ Բացառված չէ, որ Վրաստանը նախընտրի ավելի չեզոք դիրք միջազգային ասպարեզում և Ռուսաստանին առաջարկի շատ լուրջ պայմանավորվածություններ, հույսեր կապելով գոնե մի 10-15 տարի հետո հնարավոր հեռանկարի բացման հետ, նկատի ունենալով իր տարածքային ամբողջականության վերականգնումը։
Ներկայումս եվրոպական երկրների փորձագետները խիստ շփոթության մեջ են և չեն պատկերացնում, թե ինչ կերպ, գոնե մասամբ, առաջարկություն անեն Վրաստանի և Հարավային Օսիայի հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ, և առհասարակ, ինչ կնշանակեր «կարգավորում» այս պայմաններում։ Եվրոպական փորձագետների առաջարկությունները շատ սահմանափակ են և ուշադրություն են հրավիրում այն բանի վրա, որ Հարավային Օսիան, համենայն դեպս, ԵԱՀԿ-ի հովանու ներքո միջազգային մի ինչ-որ կարգավիճակ ունի։ Հենց այդ կարգավիճակի շրջանակներում են շփումներ լինում Հարավային Օսիայի վարչակազմի հետ, ներառյալ նաև Վրաստանի և Հարավային Օսիայի հարաբերությունների կարգավորման հարցերը։ Նպատակահարմար կլիներ փորձել խաղաղարարների կարգավիճակը ավելի «շաղկապված» դարձնելու Հարավային Օսիայի շահերին համահունչ և վարչակազմի լիազորություններն ընդգծող պայմանների հետ, որը, փաստորեն, ճանաչվում է Վրաստանի ու միջազգային կազմակերպությունների կողմից։ Բայց այս ամենը շատ սին ու անբովանդակ առաջարկություններ են։
Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, հասկանալով նախկին վիճակին վերադառնալու անհնարինությունը, ձգտում են ստանալ Եվրամիության աջակցությունը ¥ուշադրության առնելով նրա դերը ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման գործում¤` ստիպելու Ռուսաստանին զիջումներ անելու այնպիսի հարցերում, ինչպիսին Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագիրն է ¥ԵՍՍՊ¤։ Ներկայումս Ռուսաստանը հայտնվել է բավական բարդ ֆինանսատնտեսական և արտքաղաքական վիճակում, և արևմտյան քաղնախագծողները հույս ունեն, որ, ճնշում գործադրելով Հարավային Օսիայի ու Աբխազիայի հարցերում, Արևմուտքին կհաջողվի զիջումներ կորզել Մոսկվայից։ Սրանով է պայմանավորված ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հաստատակամ և անզիջում դիրքորոշումը այդ երկու չճանաչված պետությունների հարցում։
Թբիլիսիում լավ են հասկանում խաղի էությունը, սակայն այդ հարցերը միջազգային ասպարեզում օրախնդիր պահելու այլ սխեմաներ չունեն։ Ներկայումս Վրաստանն ու Ռուսաստանը, հասկանալով, որ երկուսի համար էլ վիճակը խոցելի է, հերթական անգամ փորձում են կարգավորել հարաբերությունները։ Ընդ որում, միանգամայն պարզ է, որ Վրաստանին նախ և առաջ հետաքրքրում է Հարավային Օսիան, որի կորուստը Վրաստանը վերածում է տարածական և աշխարհաքաղաքական առումով «բզկտված» երկրի։ Այդ իրավիճակը շտկելու համար Վրաստանի նոր ղեկավարությունը, ի դեմս «Վրացական երազանք» կառավարող կուսակցության, կարող է մեծ զիջումների գնալ։


Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 24522

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ